Երանի
Written by Alis Tashchyan   

 

Երանի այն օրը, որ հանդիպեցինք ու հեռվից թեթև ժպտացինք իրար,
Երանի բարևը, որ բարևեցինք, երանի ապրիլը, որ ծանոթ դարձանք:
Երանի քաղաքը մեր, որտեղ քայլեցինք, երանի այգին ու լիճը գարնան,
Երկու անարև սրտեր արթնացրինք ու հրաշքների սիրահար դարձանք...
Երանի ճամփան, հազար երանի, ու եկեղեցին ուր մտանք անձայն,
Երանի ծիծաղը, որ քեզ գերեցի ու համբույրները, որ անմահացան...
Երանի այն սերը, որ ինձ տվեցիր, երանի խոսքերը որ սիրտս առան,
Երանի այն ծովը, որ երազեցինք ու անմար դարձած լույսերը մեր տան:
Երանի ժամերը, որ քեզ սպասեցի, երանի կարոտը, որ հոգիս կերավ,
Երանի այն լացը, որ դու գնացիր, երանի գիշերը, որ նորից եկար...
Երանի սիրով ապրած-չապրածին այն աշխարհներում, որ երկուսով գտանք,
Երանի այն օրը, որ մենք սիրեցինք, երանի տալով` ապրեցինք, անցանք:


29.05.2007
Alis Tashchyan

London, United Kingdom