Մոր պես
Written by Alis Tashchyan   

 

Հիմա չկա էլ ինձ համար ամուր մի տուն` մոր պես չքնաղ, մոր պես վառ,
Չկա լապտեր, կարծես անմար` կոչվող մայր,
Հիմա արդեն չորացել է հոգուս համար ամեն կանաչ, ամեն վայր,
Չկա կողքիս մոր պես հպարտ կանգուն մի սար, մոր պես բառ:

Չկա արդեն մոր պես ծիծաղ, մոր պես լաց,
Մոր պես մի թև` դողդողացող սրտիս տակ,
Մոր պես հենակ` կորացած:
Ախ, երանի, խոսեր ինձ հետ մոր պես մի ձայն, մոր պես անմեղ մի քնար,
Մոր պես սահուն ու աներեր մոր պես երգ ինձ շունչ տար,
Մոր պես մի սիրտ սիրտս բանար ու աղոթեր մեր երազներն անհատակ`
Մոր պես մի սյուն, մոր պես թանկ:
Թող ոչ մի շունչ չզրկվի աղբյուրից` մոր պես անուշ, քաղցրացած,
Մոր պես ամրոց թող պարուրի բոլորիս` վեհ կանգնած,
Երկինք-երկիր թող միացնի վերևից մոր պես մի ձեռք
Ու, փարվելով ծնկացած,
Կառչենք ձեռքից ու աղաչենք նրանից մոր պես մի հույս, մոր պես հաց...

 

Ես ննջում եմ, ու խավարում այս անտուն,
Թող առկայծի մոր պես մի լույս անընդմեջ,
Ախ, երանի հյուր գա նա ինձ երազում` մոր պես բարի, մոր պես խեղճ:

 

 

 

Բոլոր նրանց, ովքեր շատ վաղ զրկվել են մոր սիրուց

26.10.2003

Alis Tashchyan

Yerevan, Armenia