Կատվի կռիվ
Written by Alis Tashchyan   

 

Անուն չգիտեմ, բայց տուն-տեղ չուներ.
Գրատան դիմաց ամբողջ մարմինը տվել արևին, անհոգ քնած էր:
Գնացի մոտիկ,
Նայեցի` նայեց,
Շոյեցի` փռվեց,
Թաթերը մեկնեց ու ալարելով մի կերպ մլավեց:
Մոտս սենդվիչ կար.
Տվեցի` կերավ,
Մատները լիզեց, փռվեց, որ քնի,
Բրդեցի` ուռեց,
Բզզեցի` փքվեց,
Ճզմեցի` սսկվեց,
Սեղմեցի` ճկվեց,
Թաթից քաշեցի, ոտքը ձգեցի,
Թեթև վնգստաց,
Ֆշշացի` նվաց,
Բվվացի` ճչաց,
Նստեցի կողքն ու ականջին գոռացի,
Տեղից վեր թռավ ու փախավ-գնաց...

 

Հաջորդ օրն եկավ, նույն տեղում նստեց:
Գնացի մոտիկ,
Նայեցի` նայեց,
Շոյեցի` փռվեց,
Թաթերը մեկնեց ու ալարելով մի կերպ մլավեց:
Մոտս սենդվիչ կար.
Առա կիսեցի,
Կեսը ես կերա, կեսը տվեցի,
Անհոգ խժռեց,
Մատները լիզեց, փռվեց, որ քնի,
Բրդեցի` ուռեց,
Բզզեցի` փքվեց,
Ճզմեցի` սսկվեց,
Սեղմեցի` ճկվեց,
Թաթից քաշեցի, ոտքը ձգեցի,
Թեթև վնգստաց,
Ֆշշացի` նվաց,
Բվվացի` ճչաց,
Նստեցի կողքն ու ականջին գոռացի,
Տեղից վեր թռավ ու փախավ-գնաց...

 

Մյուս օրն եկավ, սովոր կատվի պես հևիհև հասավ գրատան առաջն ու անջատվեց:
Նստած կարդում էի,
Նայեց` նայեցի,
Շոյեց` շոյվեցի,
Էկավ ոտքերիս տակ հարմարվեց ու էլի փռվեց,
Թաթերը մեկնեց ու ալարելով մի կերպ մլավեց:
Սենդվիչ չունեի. էհ, ի՞նչ տամ` ուտի,
Մատներս լիզեց, նորից մլավեց,

Նոթերը կիտեց,

Էնքան մրթմրթաց` գլուխս տարավ,
Բրդեցի` ուռեց,
Բզզեցի` փքվեց,
Ճզմեցի` սսկվեց,
Սեղմեցի` ճկվեց,
Թաթից քաշեցի, ոտքը ձգեցի,
Հո չվնգստաց... դե գնա արի,

Էլ տուր թե կտաս,

Էլ ճանկ, էլ քացի
Ֆշշաց` նվացի,
Բվվաց` ճվացի,
Նստեց ականջիս ու էնպես գոռաց,
Տեղից վեր թռա, փախա-գնացի...

Չգիտեմ` ումն էր, ու էլ չեմ տեսնում գրատան դիմաց:

 

16.07.2004

Alis Tashchyan

Yerevan Armenia